Պարզվում են Գյումրիում ավտոերթի ժամանակ տարեց տղամարդկանց նկատմամբ բռնության գործադրման դեպքի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
Միջադեպի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակցի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով), որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:
Նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում են մի քանի այլ անձանց: Դատելով տեսանյութում առկա կադրերից՝ բռնության ենթարկվող անձինք տարեցներ են:
Կարծիքներ