Եթե ժողովուրդը չի ցանկանում պարտվել, ուրեմն անպայման հաղթելու է. Հայկ Կոնջոյան
Եթե նույն օրվա մեջ ձեզ համակում է ոգեշնչումն ու ընկճախտը, և ժամերի տարբերությամբ դուք ճաշակում եք հաջողության քաղցրահամն ու ձախողումի դառնահամը, ուրեմն ձեզ հետ խոսում է պատերազմը՝ իրեն հասկանալի միակ լեզվով, իր պարտադրած կանոններով ու միևնույն ժամանակ՝ որևէ կանոնի բացակայությամբ։ Հենց այդ պատճառով՝ պետք չէ ժամանակից շուտ դատավճիռներ կարդալ և եզրահանգումներ անել՝ ընկնելով պատերազմի խորամանկ հազարամյա թակարդը։ Հիմա պետք է նայել առաջ ու միայն առաջ, լարել բոլոր ջանքերը, բթացնել խառնակիչ էմոցիաները, բորբոքել հաղթանակի ոգին։ Ես գիտեմ մի բան՝ եթե մարդը չի ցանկանում պարտվել, անհնար է նրան պարտության մատնել։ Իսկ պատմությունը վկայում է՝ եթե ժողովուրդը չի ցանկանում պարտվել, ուրեմն անպայման հաղթելու է։ Եկե՛ք կենտրոնանանք միմիայն հաղթելու օրակարգի շուրջ, մեր ամեն մի քայլը, ամեն մի ձեռնարկումը պետք է մոտեցնի մեր հավաքական հաղթանակը։ Յուրաքանչյուրիս փոքրիկ քայլը Հայաստանի ցատկն է։ Այս պատերազմը մեր հազարամյա երթի հաղթական հանգրվանն է լինելու։ Հիշեք՝ մենք ճակատագրական սերունդ ենք։ Մենք չենք կարող պարտվել։ Մենք կռվում ենք անցյալի, ներկայի և ապագայի անունից։ Դրա համար մենք պետք է լարենք մեր բոլոր ջանքերը ու մեր միջից քամենք անցյալի իմաստնությունը, ներկայի գիտելիքն ու ապագայի երազանքը։ Եվ ուրեմն՝ Կամք, Համբերություն, Պայքար։ Կամք, Համբերություն, Պայքար։ Եվ մենք կհաղթենք, մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։
Կարծիքներ