«Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանային համագործակցություն չէ, կարող է վերածվել միջազգային համագործակցության

«Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանային համագործակցություն չէ, կարող է վերածվել միջազգային համագործակցության

Հայաստանը շարժվում է դեպի ապագա՝ առաջընթաց գրանցելով բազմաթիվ ոլորտներում։ Իհարկե, դուք աշխարհագրորեն մոտ եք Ադրբեջանին։ Ինչպե՞ս եք տեսնում այս հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ի՞նչ ապագա է սպասվում իրականացվող խաղաղության ջանքերին։

Պատասխանելով Հունաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության (ERT) լրատվականի հարցին, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ասել է.

«Սա հաճախ է քննարկվում, գիտեմ՝ այս օրերին սկսած ԱՄՆ նախագահից մինչև մյուսները Եվրոպայում։ Անցյալ շաբաթվա վերջին Աբու Դաբիում հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Հանդիպումը դրական էր, համենայն դեպս այդպես երևաց։ Այսպիսով, խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի։ Երկրներն արդեն հայտարարել են, որ համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրության։ Այսպիսով, այս համաձայնագիրը բավականին համապարփակ է, այն անդրադառնում է մեր ունեցած բոլոր հարցերին, բոլոր խնդիրներին։ Քանի որ երբեմն Ադրբեջանը պնդում է, որ մենք պետք է որոշակի բաներ անենք, մենք էլ հակառակն ենք պնդում։ Սակայն այս համաձայնագրի տեքստը անդրադառնում է, ընդգրկում է այս բոլոր պայմանները և կարող է ստորագրվել ցանկացած պահի։ Հենց որ Ադրբեջանը ցանկանա ստորագրել այն, մենք պատրաստ ենք։

Այժմ, ինչ վերաբերում է մեր կողմին՝ Հայաստանին, 2023 թվականից ի վեր կառավարությունը առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Դա մի գաղափար է, հայեցակարգ՝ բացելու տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիները, իհարկե, հարգելով յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը։ Այս «Խաղաղության խաչմերուկը» հանուն խաղաղության, դիվանագիտության, երկխոսության, համագործակցության համար է։ Դա միայն տարածաշրջանային համագործակցություն չէ, օրինակ՝ միայն Հարավային Կովկասի կամ ավելի լայն տարածաշրջանի համար, այլ կարող է կամուրջ դառնալ Եվրոպայից մինչև Չինաստան, ընդգրկելով դրանց միջև գտնվող բոլոր տարածաշրջանները։ Այն կարող է վերածվել շատ կարևոր միջազգային համագործակցության։ Եվ, իհարկե, մենք աջակցություն ունենք ԵՄ-ից և ԱՄՆ-ից, իհարկե նաև Հունաստանից, ինչպես մաև շատ այլ երկրներից։ Մենք պետք է ունենանք մեր հարևան երկրների համաձայնությունը, որպեսզի կարողանանք առաջ շարժվել»,- հարցին պատասխանել է դեսպանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում