Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել աղետի գոտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների հետևանքով աղետի գոտի հայտարարված Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։
Նախարարը նշել է, որ մայիսի 28-ին Դեբեդ գետում ջրի մակարդակը ևս 35 սանտիմետրով նվազել է, ինչը հեշտացնում է մի շարք աշխատանքների կազմակերպումը։
«Երեկ երեկոյան աշխատանքների բաժանում ենք իրականացրել՝ տարբեր ուղղություններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը՝ հավելելով, որ իրականացվում են երկաթգծի, ճանապարհների, կամուրջների, էլեկտրահաղորդման գծերի, գազատարների վերականգնման, ինչպես նաև գույքագրման, բնակիչներին սննդի մատակարարման աշխատանքներ։
Սանոսյանը մանրամասնել է, որ յուրաքանչյուր թիմ իր մասով փորձում է իրեն տրված հանձնարարականը իրականացնել։
Նա նաև հայտնել է, որ Այրում կայարանում մասնագետների հետ քննարկում են կայարանի կամուրջը ժամանակավորապես թեթև մարդատար մեքենաների համար շահագործելի դարձնելու հնարավորությունը։
Հայաստանի կառավարությունը որոշել է աղետի գոտի հայտարարել Տավուշի և Լոռու մարզերի այն համայնքներում, որոնք տուժել են հեղեղումներից։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կառավարությունը որոշում է կայացրել ընդհանուր 300 միլիոն դրամ հատկացնել Տավուշի և Լոռու մարզերին հեղեղումներից տուժած համայնքներում հրատապ խնդիրների լուծման համար։
Կարծիքներ