Սիմֆոնիկ նվագախումբն արցախցի երեխաների համար համալիրում կհնչեցնի «Սառցե սիրտը» մուլտի երաժշտությունը
Արցախից Հայաստան եկած երեխաներին տոն պարգևելու նպատակով դեկտեմբերի 24-ից 27-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ցուցադրվելու է օսկարակիր «Սառցե սիրտը» մուլտֆիլմը, որի երաժշտական հատվածները կկատարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
Նվագախումբը կվարի ռուս դիրիժոր Միխայիլ Գոլիկովը, իսկ մեներգչուհի Կարինա Ադեգամովան կկատարի մեներգային հատվածները։
Երաշարժան բարեգործական միջոցառման հրավիրատոմսերն առաջնահերթ կերպով կբաշխվեն Արցախից տեղահանված և Հայաստանում դեռևս օթևանող, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մարտական գործողություններում զոհվածների երեխաներին։
«Արցախի մեր մանուկները 2020 թվականին ստիպված եղան հաղթահարել բազում դժվարութուններ, իսկ նրանցից շատերը դեռևս անցնում են հետպատերազմական զրկանքների միջով։ Այսօր մեզնից յուրաքանչյուրը փորձում է անել ամեն բան՝ փոքր ինչ գունավորելու նրանց տարեվերջյան տրամադրությունը»,-ասվում է նվագախմբի տարածած հաղորդագրությունում:
Նախաձեռնությունն իրականացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, Sure օնլայն հարթակը, «Ներդաշնակ մանկություն» բարեգործական հիմնադրամը և «Զապոմնի» ընկերությունը:
Կարծիքներ