Բողոքի երթի ընթացքում խուլիգանական միջադեպի փաստով քրգործ է հարուցվել. 3 անձ կասկածյալի կարգավիճակ ունի. դատախազություն
ՀՀ դատախազության Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ 2020թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում արձանագրված՝ նույն օրը Երեւան քաղաքում անցկացվող բողոքի երթի ընթացքում տեղի ուենցած միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գ.Գյուլբենկյան-Հր.Քոչար փողոցների խաչմերուկում, մի խումբ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել քաղաքացի Դ.Ղ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Բացի այդ, նշված միջադեպի ժամանակ անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն է գործադրել մեկ այլ անհայտ անձի նկատմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի բաժանմունքում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ առերեւույթ բռության ենթարկված մյուս անձի ինքնությունը, 2 անձ ճանաչվել է տուժող: Քննչական եւ դատավարական համապատասսխան գործողություններով հաստատվել է մի խումբ անձանց կողմից վերջիններիս ծեծի ենթարկելու եւ հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքը:
Արդյունքում պարզվել է, որ նշված միջադեպի ժամանակ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել եւ տուժողներից մեկի նկատմամբ առերեւույթ բռնություն է գործադրել Էջմիածին քաղաքի բնակիչ հանդիսացող Խ. Մ.-ն, վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հանցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում:
Պարզվել է նաեւ, որ մյուս տուժողի նկատմամբ խմբի կազմում, բռնությամբ զուգորդված խուլիգանությունն առերեւույթ կատարել են Արտաշատ քաղաքի բնակիչներ Շ. Թ.-ն եւ Ս. Պ.-ն: Վերջիններս կասկածվում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:
Նշված երեք անձանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ