Փաշինյանը Ֆրանսիայի դեսպանի հետ զրույցում կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Օլիվյե Դեկոտինիին:
Վարչապետը շնորհավորել է պարոն Դեկոտինիին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմամբ:
Օլիվյե Դեկոտինին նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը նպաստելու հայ-ֆրանսիական առանց այն էլ ամուր կապերի խորացմանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը, ֆրանսիական ընկերությունների՝ հայկական շուկա ներգրավմանը, ներդրումային ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին: Կարևորվել է Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը:
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Կարծիքներ