Դատախազությունն Ադրբեջանի դեմ քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով
Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունն Ադրբեջանի դեմ քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով: Մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:
«Ադրբեջանի ԶՈՒ-ն իրենց ողջ ռազմական ուժի ներդրմամբ նաև վարձկանների ներգրավմամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ` սանձազերծել, վարել են ագրեսիվ պատերազմ, իրականացրել ագրեսիայի ակտ: Նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հարուցել ենք քրեական գործեր նաև զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ թույլ տալու, վերադասի կողմից ստորադասին անձանց զանգվածային ոչնչացման կամ այլ ապօրինի հրաման արձակելու, ինչպես նաև վարձկանների հավաքագրման և օգտագործման փաստով: Առանձին քրեական գործ է հարուցվել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով, քանի որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից ներգրավվել են վարձկան ահաբեկիչներ, որոնք մասնակցում են ռազմական գործողությունների, իրականացնում ահաբեկչական գործողություններ, ինչպես նաև կրում են Ադրբեջանի ԶՈՒ համազգեստ, որպեսզի այդպես քողարկվեն»,- ասաց Մարտիրոսյանը:
Արշակ Մարտիրոսյանը հավելեց, որ քրեական գործեր են հարուցվել նաև ՀՀ տարածքում խաղաղ բնակչության թիրախավորման դեպքերով:
«Ցավալին այն է, որ գրոհների թիրախ են դարձել խաղաղ բնակչությունը, ինչն ինչպես մեր ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ համարվում է կոպտագույն խախտում, որովհետև նրանք հանդիսանում են պաշտպանության ներքո գտնվող անձինք և անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին»,- նշեց Արշակ Մարտիրոսյանը:
Կարծիքներ