Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի նկատմամբ որևէ քննություն չի իրականացվում
Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, թե «2019թ.-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) ՀՀ ներկայացուցչի պաշտոն զբաղեցնող Գեղամ Վարդանյանին կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ»։
Նյութում, մասնավորապես, ասվում է, թե ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ ներքին քննություն է սկսել՝ պարզելու Գ. Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Նշվում է նաև, թե փոխնախարարը աշխատանքի է տեղավորել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա, նոր պայմաններ է դրել կապալառուների առջև, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար և մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գրասենյակի հետ, որտեղից հայտնեցին՝ շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ Գեղամ Վարդանյանի նկատմամբ որևէ ծառայողական քննություն չի իրականացվում։
Հետևապես՝ կեղծ է նաև պնդումը, թե քննության համար հիմք է հանդիսացել Վարդանյանի՝ իր մերձավորներին աշխատանքի տեղավորելու հանգամանքը, որով, ըստ լրատվականի աղբյուրի, վերջինս փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա:
Կարծիքներ