Հունվարին ու փետրվարին գնելու դեպքում 9000 դրամանոց անսահմանափակ փաթեթը կգործի 2 ամիս. Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրառում է արել միասնական տոմսային համակարգի սակագնի մասով Երևանի քաղաքապետարանի նոր առաջարկի վերաբերյալ:
«Հունվարին ու փետրվարին գնելու դեպքում 9000 դրամանոց անսահմանափակ փաթեթը կգործի 2 ամիս, փաստացի ուղետոմսը կլինի 100 դրամից էլ էժան։
Այսինքն՝ եթե աշխատանքի կամ դասի եք գնում, դա արդեն ամսական առնվազն 4400 դրամ է, եթե ամսական գոնե մեկ ոչ աշխատանքային օր էլ մի տեղ գնաք, ուղետոմսի արժեքն արդեն դառնում է 100 դրամից էժան»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ տրանսպորտի սակագինը կփոփոխվի: Առաջարկվում էր 1 ուղևորության համար վճարել 150 դրամ, ինչպես նաև երկարացնել անսահմանափակ փաթեթները։
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։
Կարծիքներ