Ադրբեջանի ագրեսիան ցույց է տալիս ռազմական գործողությունների վերսկսումը բացառող մեխանիզմի անհրաժեշտությունը. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի ագրեսիան ցույց է տալիս ռազմական գործողությունների վերսկսումը բացառող մեխանիզմի անհրաժեշտությունը. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից չորս տարիների ընթացքում սանձազերծված երկու ագրեսիանները համոզիչ կերպով ցույց են տալիս ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառող մեխանիզմի ներդրման հույժ անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կարեւորում ենք Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման համար:

Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից՝ միջազգային ահաբեկիչների հետ դաշինքով, Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան դադարեցնելու ճանապարհին: Մարդասիրական հրադադարը պետք է Ադրբեջանի կողմից անշեղորեն պահպանվի եւ ամուր հիմք դնի 1994թ. մայիսի 12-ի կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման եւ 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերի գործողությունը լիակատար վերականգնելու համար:

Կարեւոր ենք համարում, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի բացառիկ դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջնորդական գործունեության իրականացման մեջ:

Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից չորս տարիների ընթացքում սանձազերծված երկու ագրեսիանները համոզիչ կերպով ցույց են տալիս ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառող մեխանիզմի ներդրման հույժ անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում