Երաժշտության տոնը Գորիսում. Ֆրանսիայի դեսպանությունն ու ֆրանսիական ինստիտուտը հրավիրում են բացօթյա մեծ համերգի
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ու ֆրանսիական ինստիտուտը բացօթյա մեծ համերգով առաջին անգամ ֆրանսիական մշակութային օրակարգի կարևոր իրադարձությունը՝ Երաժշտության տոնը կնշեն Գորիսում:
Հունիսի 21-ին երաժշտությունն ամենուր է և հասանելի կլինի բոլորին:
«Եկե՛ք վայելելու հայկական նոր բեմի երկու առաջատար խմբերի կատարումները։
Dialog Music Project-ի հիմնադիրը շեփորահար Տիգրան Սուչյանն է։ Խմբի երաժշտությունը կտանի երաժշտական մի ճամփորդության, որտեղ ջազը, հիփ-հոփը և քաղաքային ֆոլկլորը հանդիպում են՝ ստեղծելու շարժումներով, ռիթմով և գույներով հարուստ երաժշտություն:
Այնուհետև կընկղմվեք Հողի և Արթուր Ալեքի կողմից ստեղծված նորարար դուետի՝ Հող Արթունի գրավիչ աշխարհում: 2021 թվականից նրանք միաձուլում են ավանդական և էլեկտրոնային երաժշտությունը՝ նոր թարմություն և խորություն հաղորդելով երաժշտական արվեստին։
Նշում ենք օրն ու տեղը և չենք մոռանում հրավիրել ընկերներին ու պատրաստվել վայելելու հիանալի տոնական երեկո»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ համերգը կայանալու է հունիսի 21-ին՝ ժամը 19։00-ից սկսած՝ Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում: Մուտքն ազատ է:
Կարծիքներ