Չեմ բացառում, որ մենք կհասնենք նաև ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածին. Ռուբեն Ռուբինյան

Չեմ բացառում, որ մենք կհասնենք նաև ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածին. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ին դիմել նաև 4-րդ հոդվածով: Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Ռուբինյանը, անդրադառնալով ընդդիմադիրների կողմից հնչող մտքերին, թե ինչու պետք է դաշնակիցներն օգնեն, եթե օրինակ հայկական կողմը չի կրակում՝ ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքների վրա: «Նախ հենց մեր դաշնակիցներն են կոչ արել և անում չսրել իրավիճակն ու խնդիրը փորձել լուծել դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով: Եվ երկրորդը՝ այն դաշնակցային ֆորմատները, որում մենք ներգրավված ենք, ունեն հստակ նախատեսված հոդվածներ՝ հստակ դեպքերի վերաբերյալ: Եվ մենք, ոչ թե ոչ մի բան չանելով, խնդրում ենք մեզ օգնել, այլ մենք դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա, հստակ հոդվածով: Ընդ որում, խոսքը վերաբերում է և ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածով դիմելուն և հայ-ռուսական երկկողմ պայմանագրի հիման վրա վարչապետի նամակին: Եվ մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները կաջակցեն մեզ այս հարցը լուծելու հարցում: Հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները՝ ես չեմ բացառում, որ մենք կհասնենք նաև 4-րդ հոդվածին և ոչ միայն»,-ասաց պատգամավորը: 

Խոսելով նախորդ օրը ադրբեջանցիների արձակած կրակոցից զինծառայողի զոհվելու մասին՝ նա շեշտեց, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ, դա ադրբեջանական ագրեսիվ դրսևորումներից մեկն է: 

«Մեր դիրքորոշումը հետևյալն  է՝ ադրբեջանական զինվորները պետք է հեռանան Հայաստանի սուվերեն տարածքից: Հայաստանը փորձում է և փորձելու է խնդիրը լուծել առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով, ինչը չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն կարող լինել այլ լուծումներ»,-ասաց Ռուբինյանը՝ նկատի ունենալով ռազմական լուծումը:

Նա հավելեց՝ ակնկալում են, որ Հայաստանի դաշնակիցները, որոնք Հայաստանի հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում` ռազմական, կաջակցեն  այս գործընթացում:

«Ներկայիս ստատուս քվոն մեզ համար միանշանակ անընդունելի է, բայց օպերատիվ իրավիճակն այդ հատվածներում գտնվում է մեր զինվորների վերահսկողության ներքո»,-ասաց Ռուբինյանն ու շեշտեց, որ խնդիրը պետք է լուծվի:

Ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժելու կապակցությամբ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է երկրորդ հոդվածով՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին:

ՀԱՊԿ պայմանագրի չորրորդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում