Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր
Երևանում սեպտեմբերի 7-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից՝ տեղեկացնելով, որ քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։
«Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը»,- նշված է ԱՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Արցախի ԱԳՆ-ից հանդիպմանը մասնակցել են գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
Կարծիքներ