Կշարունակվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության տրամադրումը
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով: Արդյունքում՝ կշարունակվի ապրիլի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը, ինչի համար կհատկացվի լրացուցիչ 33,600.0 հազար դրամ: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ:
Կառավարությունը հավանություն է տվել «Ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման տվյալներ փոխանակելիս ԱՊՀ մասնակից պետությունների միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է համաձայնագրի անդամ ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև իրականացնել շրջակա միջավայրի ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման տվյալների փոխանակում՝ ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում ռադիացիոն իրավիճակի, դրա փոփոխության վերաբերյալ տվյալների և տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների տարածք՝ այդ թվում երրորդ պետությունների տարածքներից, միջսահմանային ռադիոակտիվ աղտոտման կամ դրա վտանգի դեպքում տվյալների փոխանակում: Համաձայնագիրը ստորագրած պետությունների միջև նախատեսվում է ստեղծել ռադիացիոն իրավիճակի մշտադիտարկման միասնական տեղեկատվական հարթակ։ Համաձայնագիրը նպաստելու է միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովմանը, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անօրինական տարածման կանխմանը:
Կարծիքներ