ՀՊՏՀ-ում կիրականացվի դրամաշնորհային ծրագիր՝ ուղղված «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» կրթական ծրագրերի բարեփոխմանը

ՀՊՏՀ-ում կիրականացվի դրամաշնորհային ծրագիր՝ ուղղված «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» կրթական ծրագրերի բարեփոխմանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը մարտի 15-ին կնքել են դրամաշնորհի պայմանագիր, համաձայն որի՝ հիմնադրամը ՀՊՏՀ-ին կտրամադրի 15 միլիոն դրամ՝ շուրջ 20 միլիոն դրամ արժեքով հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից:

Հետազոտական ծրագիրն իրականացվելու է բակալավրական կրթության՝ «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» և մագիստրոսական կրթության՝ «Տնտեսագիտության տեսություն», «Միջազգային տնտեսական հարաբերություններ», «Տնտեսության պետական կարգավորում», «Մակրոտնտեսական վերլուծություն», «Հանրային ֆինանսներ», «Կորպորատիվ ֆինանսներ», «Բանկային գործունեության կազմակերպում» և «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում»  կրթական ծրագրերի բարեփոխման նպատակով։

Հետազոտական ծրագիրը ներառում է ինչպես միջազգային բուհերի կրթական ծրագրերի, ՀՀ աշխատաշուկայի և ծրագրի շահառուների պահանջմունքների համալիր վերլուծության, այնպես էլ կրթական ծրագրերի բարեփոխման և դրանք որակավորված կադրերով համալրման բաղադրիչներ։

Այս առնչությամբ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը նշել է․«Կրթական բարեփոխումների այս ծրագիրն առանցքային նշանակություն ունի ՀՊՏՀ-ի համար: Այն իրականացնելու գործում ընդգրկված են առաջատար մասնագետներ ՀՊՏՀ-ից, ՀՀ կենտրոնական բանկից, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից և «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամից։ Ընդ որում, առաջին անգամն է, որ բազմամասնագիտական խմբում արտաքին փորձագետները կազմելու են ծրագիրը մշակող խմբի մեծամասնությունը. մինչ այս ՀՊՏՀ-ն իր ծրագրերը մշակել և վերանայել է հիմնականում ներքին ռեսուրսների ներգրավմամբ։  Ծրագրի ավարտին ՀՊՏՀ-ն էապես կբարձրացնի իր մրցունակությունը «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների բնագավառներում բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող մյուս հաստատությունների համեմատ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում