Երևանը կունենա շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց
Երևանի ավագանին 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստում որոշեց մայրաքաղաքում գործող շախմատի 12 մարզադպրոցից մեկի բազայի հիման վրա մարզաձևի բարձրագույն վարպետության մարզադպրոց հիմնել:
Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշեց, որ դպրոցի միջոցով կմշակվեն նաև ուսումնամարզական համապատասխան ծրագրեր:
«Ուսումնամարզական գործընթացի բարձրագույն վարպետության փուլի միջոցով նպատակ ունենք ձևավորել Երևանի և Հայաստանի հավաքական թիմեր, ինչպես նաև բարձրացնել հավաքականների թեկնածուների մարզական վարպետությունը: Մանկապատանեկան մարզադպրոցները ավարտելուց հետո իրենց լավագույն կողմերով դրսևորած մարզիկ-մարզուհիների համար կապահովվի ուսումնամարզական գործընթացի շարունակականությունը»,- նշեց Մելքոմ Մելքոմյանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն մանկապատանեկան մարզադպրոցի, որտեղ 10 տարվա ընթացքում կազմակերպվում է ուսումնամարզական գործընթաց 5-18 տարեկան մարզիկների համար, Բարձրագույն վարպետության մարզադպրոցում ուսումնամարզական գործընթացը կտևի 5-7 տարի և նրանում կընդգրկվեն մինչև 25 տարեկան, անհատական բարձր գործակից ունեցող շախմատիստներ, որոնք հանդիսանում են Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի թեկնածուներ:
«Սույն որոշմամբ հնարավորություն է ընձեռնվում 18-ից բարձր տարիք ունեցող և անհատական բարձր գործակից ունեցող մարզիկներին հնարավորինս ավելի կատարելագործելու իրենց մարզական կարողությունները: Բացի այդ, բարձրագույն վարպետության առաջին խմբում նախատեսվում է ընդգրկել ընդամենը 3-5 մարզիկ, ինչը հնարավորություն կընձեռի ավելի բարձրակարգ ու նպատակային ծառայությունների մատուցման»,- ասաց փոխքաղաքապետը:
Որոշումն ընդունվեց 37 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:
Կարծիքներ