Ծանուցումն ուղարկել է 5 դպրոցի 48 աշխատակցի մասով. infocheck-ը՝ Ռուսլան Բաղդասարյանի գրառմանն ի պատասխան
Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ: Բաղդասարյանը այս ամենը շահարկում է իբրև ընտրություններում քվեներ ապահովելու փորձ: Այս մասին իրազեկում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» (nfocheck):
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ գրությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին ուղարկվել է դեռ փետրվարի 17-ին, քանի որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ուսումնական հաստատություններում, կրթօջախներում իրականացվել են չարաշահումներ և կեղծվել են փաստաթղթեր։ Տեղեկությունների ստուգման արդյունքում փետրվարի 22-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է նախաքննության։
Նախաքննությունն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, մանրամասնում է, որ 2021 թվականի փետրվարի 22-ին Հայաստանի ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել Երևանի թվով 5 դպրոցների տնօրենների կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ։
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ և 314-րդ հոդվածների՝ յուրացում կամ վատնում և պաշտոնական կեղծիք հատկանիշներով։ Ոստիկանության Կենտրոնական բաժնից գրավոր հարցում է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Համբարյանին՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող փաստաթղթեր և տվյալներ տրամադրելու, ինչպես նաև նշված դպրոցների թվով 48 աշխատակիցների ներկայությունը ոստիկանության համապատասխան ստորաբաժանում ապահովելու վերաբերյալ։
Հիշյալ քրեական գործը քննչական կոմիտեի Երևան քաղաքի քրեական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է ստացվել 2021 թվականի փետրվարի 24-ին, ընդունվել է վարույթ, և կատարվում է նախաքննություն։
Կարծիքներ