2023 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է

2023 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2023 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլի մեկնարկը:

Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել մերօրյա հերոսների, որոնք վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։

««Ավրորա» մրցանակը լույս է սփռում աշխարհի որոշ կարեւորագույն խնդիրների վրա, բարձրացնում իրազեկությունն այն «մութ անկյունների» մասին, որտեղ անհրաժեշտ է մարդասիրական ներգրավվածություն՝ մարդկայնության զարթոնք: Ինձ համար պատիվ է եւ առավելություն լինել «Ավրորայի» դափնեկիրներից մեկը եւ ստանալ իմ աշխատանքն ընդլայնելու հնարավորություն՝ «Իսլամական պետության» ահաբեկչությունից տուժածներին տրամադրելով բժշկական օգնություն եւ վերականգնողական բուժում, ինչպես նաեւ ամրապնդելով կայուն խաղաղությունն ու զարգացումը տարածաշրջանում, որտեղ իրականացվել է վերջին Ցեղասպանությունը:

Այսօր եւս դեռ նման վայրագություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում, եւ մենք պետք է կենտրոնանանք մարդկային արժեքների վրա՝ այս ճգնաժամը հաղթահարելու համար: Մենք պետք է մասնակից դառնանք եւ աջակցենք այն մարդկանց, որոնք պայքարում են անարդարության ու անտարբերության դեմ»,- ասաց 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային:

«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ նրա ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության: Նա ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակ՝ լուծելու մարդասիրական խնդիրները համայնքային մակարդակում՝ ձգտելով օգնել ամենակարիքավորներին ամբողջ աշխարհում: 2023 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները կընդունվեն մինչեւ 2022 թ. հոկտեմբերի 31-ը:

7

Paused

Մերօրյա հերոսներին մրցանակի առաջադրելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ «Ավրորայի» կայքում: Այնուհետեւ «Ավրորա» մրցանակի քարտուղարությունը եւ Փորձագետների խորհուրդն առաջադրվածներին գնահատում են՝ համաձայն ընտրական չափանիշների, նրանցից ընտրելով մինչեւ 20 թեկնածուի: Ավելի ուշ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները վերանայում են այս
վերջնացուցակը՝ հենվելով սեփական փորձի, առաջադրման հայտի եւ քարտուղարության կողմից հավաքած լրացուցիչ տեղեկությունների վրա, որպեսզի որոշեն «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին: «Ավրորա» մրցանակի մեկնարկից ի վեր՝ քարտուղարությունն ստացել է ավելի քան 4.100 առաջադրման հայտ աշխարհի 144 երկրից եւ տարածքից:

«Ամեն տարի մենք ավելի ու ավելի շատ վկայություններ ենք ստանում մարդկային ոգու ուժի եւ տոկունության, որը դրդում է բացառիկ մարդկանց ամբողջ աշխարհում օգնության ձեռք մեկնել այլոց՝ բախվելով աներեւակայելի վտանգների: Անկախ ռիսկերից եւ մարտահրավերներից՝ այս մարդասերներն ուրիշների կյանքն ու անվտանգությունը վեր են դասում ամեն ինչից: Խիզախության եւ նվիրումի այս դրվագները հույսի աղբյուր են մեր դժվարին ժամանակներում, ուստի Ընտրող հանձնաժողովի անդամներն ու ես անհամբեր ենք՝ լսելու ավելի շատ պատմություններ»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

2022 թ. ապրիլի 24-ին Մատենադարանում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, իսկ ավելի ուշ այս հերոսներից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր:

Լուսանկարում՝ 2020 թ. «Ավրորայի» հերոս քույր Անժելիկ Նամայկան՝ տեղահանված մարդկանց հետ Դունգու քաղաքում, 2013 թ.: © VOA French

Հետևեք մեզ նաև Տելեգրամում