Գերմանիան Իրանի միջուկային ծրագրին տրանսատլանտյան համատեղ մոտեցմանը վերադառնալու հնարավորություն է տեսնում
Գերմանիան Իրանի միջուկային ծրագրին տրանսատլանտյան համատեղ մոտեցմանը վերադառնալու հնարավորություն է տեսնում, հենց որ նորընտիր նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ ԱՄՆ նոր վարչակազմը ստանձնի իր լիազորությունները, ասել է գերմանացի դիվանագետը, հաղորդում է Reuters-ը:
2018-ի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց Թեհրանի հետ համաձայնագրից: ԱՄՆ-ը վերականգնեց պատժամիջոցները եւ «առավելագույն ճնշման» արշավ հայտարարեց Իրանի դեմ, մինչդեռ մյուս ստորագրողները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Չինաստանը, աջակցում են Թեհրանի հետ համաձայնագրին:
«Հաջորդ տարի ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալով՝ մենք հնարավորություն կունենանք կրկին օգտագործել ՀՀԳՊ-ն (Իրանի հետ միջուկային գործարքը) այն բանի համար, ինչի համար այն նախատեսված էր՝ Իրանի միջուկային ծրագրի կրճատման»,- ասել է գերմանացի դիվանագետը:
«Դա անհրաժեշտ է, հաշվի առնելով, որ Իրանը գնալով ավելի է խախտում իր միջուկային պարտավորությունները»,- հավելել է նա՝ Իրանի հարցով բանակցությունների համար Բեռլինում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումից հետո:
Դիվանագետն ասել է, որ եվրոպական երեք երկրները պատրաստվում են ինտենսիվ դիվանագիտության ժամանակահատվածի` գիտակցելով, որ իրենց բարդ բանակցություններ են սպասվում:
Բայդենը, ով պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, հայտարարել է, որ կմիանա համաձայնագրին, եթե Իրանը նախ վերսկսի իր պարտավորությունների խստորեն պահպանումը եւ աշխատի դաշնակիցների հետ, որպեսզի «ամրապնդի եւ ընդլայնի այն՝ միեւնույն ժամանակ արդյունավետորեն հակազդելով Իրանի մյուս ապակայունացնող գործողություններին»:
Կարծիքներ