Քննարկվել են կոնկրետ ծրագրեր ՀՀ-ԵՄ ձևաչափում

Քննարկվել են կոնկրետ ծրագրեր ՀՀ-ԵՄ ձևաչափում

Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարար Յան Յոակիմ Ստրանդի հետ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը և նոր օրակարգի հիմնական բաղադրիչները։ Նախարար Միրզոյանը վկայակոչել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթն առ այն, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։

Առաջնորդվելով նշյալ տեսլականով՝ Արարատ Միրզոյանը և Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են կոնկրետ ծրագրեր, որոնց կյանքի կոչման միջոցով հնարավոր կլինի արձանագրել շոշափելի արդյունքներ թե՛ Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգում, թե՛ ՀՀ-ԵՄ ձևաչափում։

Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով անցկացված հանդիպմանը և շարունակվող համագործակցությանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում