Առնվազն 20 ոստիկան գանգուղեղային վնասվածք է ստացել քաղաքացիների նետած քարերից. Դանիել Իոաննիսյան
Առնվազն 20 ոստիկան գանգուղեղային էական վնասվածք է ստացել քաղաքացիների նետած մեծ քարերից։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Այդ ոստիկանների գլուխները արյունլվա են եղել, տարածքում առկա ռեսուրսները չէին բավարարում ոստիկաններին պատշաճ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։
Գլխի շրջանում նվազ վտանգավոր վնասվածքներ ստացած բազմաթիվ այլ ոստիկաններ կան, որ առ այս պահը դեռ բուժօգնություն չեն ստացել։
Սա, մեղմ ասած, խաղաղ ցույց չէր։ Եվ սա մի ամսվա բռնության հռետորաբանության արդյունքն էր»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
Խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չէր ապահովվել:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված էր հանրահավաք, այնտեղից էլ՝ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն: Կառավարական առանձնատան դիմաց վերջիններս փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել: Տուժել են և՛ քաղաքացիներ, և՛ ոստիկաններ:
Կարծիքներ