ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացրել է Հարավային Կովկասում երկրաշարժի կառավարման թեմայով միջազգային վարժանք
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը կազմակերպել և մայիսի 15-16-ն անց է կացրել «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում փրկարարական միջազգային հրամանատարաշտաբային վարժանք և 3-րդ պլանավորման համաժողովը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, միջոցառումներին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության, պետական բոլոր այն գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարարակական կազմակերպությունների աշխատակիցները, ովքեր ներգրավված են երկրաշարժի արձագանքման գործողություններին և կարող են աջակցել ընդունող երկրի կողմից իրականացվելիք աշխատանքներին։ Ներկա են եղել նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների, կոնսորցիումի անդամ երկրների (Չեռնոգորիա, Ֆրանսիա, Կիպրոս, Հունաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա) և Եվրոպայի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ծրագրի արդյունավետ իրականացման ներկայացուցիչները։
«Մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի համակարգող, ՃԿՊԱ ռեկտորի պաշտոնակտար, փ/ծ գնդապետ Ա․ Հայրապետյանը և Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչ, նախագծի ղեկավար Եվանգելոս Կատսարոսը։
Ողջունելով մասնակիցներին, Ա․ Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ ներգրավվածության համար՝ ներկայացնելով երկօրյա աշխատանքների ընթացակարգը։
Աշխատանքային առաջին օրվա թեմաներն էին ընդունող երկրի աջակցության հաեյացկարգի քննարկման, նախատեսվող վարժանքի սցենարի ներկայացման, արտակարգ իրավիճակների ժամանակ Եվրամիության «Աղետների արձագանքման հակարգման կենտրոնի» (ERCC) դերի հստակեցման, «Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմի» (EUCPM) ակտիվացման դրույթները։ Միաժամանակ քննարկվեցին աշխատանքային տեղամասերի ներկայացման և արձագանքման միջոցառումների կազմակերպման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ համաժողովին ելույթներով և առաջարկներով հանդես են եկել միջազգային գործընկերները՝ առաջ քաշելով միջազգային ուժերի ժամանման և տեղակայման հարցերը, ինչպես նաև հումանիտար օգնության կազմակերպման, իրավիճակի գնահատման, երկրորդային խոցող գործոնների առաջացման դեպքում ռիսկերի նվազեցման և արձագանքողների գործողությունների հստակեցման վերաբերյալ մի շարք հարցեր։
Մասնակից պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացվելիք գործողությունների ընթացքը, քննարկեցին առկա խնդիրները և կազմակերպչական միջոցառումները։
Նշվում է, որ աշխատանքային երկրորդ օրը տեղի է ունեցել հրամանատարաշտաբային վարժանք, որի ընթացքում խաղարկվել են խոշոր աղետների ժամանակ արձագանքման միջոցառումների համակարգման գործընթացում կիրառվող էլեկտրոնային կառավարման գործիքները՝ օպերատիվ կառավարման կենտրոնի (Virtual OSOCC), ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) գործիքակազմի մեջ ներդրված նոր էլեկտրոնային համակարգի (ICMS) արագացված ռեժիմով փորձարկման գործընթացները:
«Միջազգային հրամանատարաշտաբային վարժանքի իրականացման նպատակը խոշոր աղետների դեպքում ընդունող երկրի կարողությունների ուժեղացումը և միջազգային արձագանքող փրկարարական թիմերի հետ փոխհամագործակցության մեխանիզմների ամրապնդումն է»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ նախատեսվում է նաև միջազգային գործընկերների այց Կոտայքի մարզում գտնվող աշխատանքային տեղամասեր, որտեղ հոկտեմբերին կանցկացվի «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմերի մասնակցությամբ միջազգային դաշտային վարժանք։
Կարծիքներ