Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը 19 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը 19 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամները` Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնության կանանց 55 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 80 կգ, սակայն երկու փորձից չբարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում Յայլյանը բարձրացրեց 95 և 100 կգ: Երկամարտում նա հավաքեց է 180 կգ և զբաղեցրեց 7-րդ տեղը: 

Նախորդ տարի Երևանում կայացած առաջնությունում Յայլյանը պոկել էր 87 և հրել 109 կգ: 

Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը նախ բարձրացրեց 80 կգ: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, սակայն մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Գրիգորյանը չկարողացավ բարձրացնել 85 կգ նաև երրորդ մոտեցման ժամանակ: Հրում վարժությունում Գրիգորյանը գերազանց արդյունքով` 105, 111, 115 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, և երկամարտի 196 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

2023 թվականին երևանյան առաջնության ժամանակ Գրիգորյանը պոկել էր 80 և հրել էր 99 կգ:

Փետրվարի 14-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականից հանդես կգա Եվրոպայի գործող չեմպիոն, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում