Բրիտանական Shell ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթից և գազից

Բրիտանական Shell ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթից և գազից

Բրիտանական նավթագազային Shell ընկերությունը դուրս է գալիս ռուսական նախագծերից և դադարեցնում ռուսական հում նավթի գնումները, հայտնում է ընկերությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Որոշումը, ըստ ամենայնի, հեշտ չի եղել ընկերության համար. ուրբաթ Shell-ը գնել էր ռուսական նավթի խմբաքանակ՝ պատճառաբանելով այլընտրանքի բացակայությունը։ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան քննադատել էր ընկերությանը. «Ձեզ համար ռուսական նավթն ուկրաինական արյան հոտ չունե՞ր»։ Արևմտյան երկրները դեռ պատժամիջոցներ չեն կիրառել ռուսական նավթի ներկրման դեմ՝ մտավախություն ունենալով, որ դա կհանգեցնի էներգակիրների՝ առանց այն էլ բարձր գների աճին ամբողջ աշխարհում։

Բայց, դատելով արևմտյան լրատվական գործակալությունների հաղորդագրություններից, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն քննարկում են նման հնարավորությունը։ Ռուսաստանի համար նավթի արտահանման սահմանափակումները չափազանց ցավոտ կլինեն։ Օրինակ, Capital Economics բրիտանական վերլուծական ընկերությունը գնահատել է, որ նման պատժամիջոցները կհանգեցնեն Ռուսաստանի ՀՆԱ-ի 25%-ով անկման, իսկ դոլարի փոխարժեքը կարող է հասնել մինչև 200 ռուբլու: Գնաճն այս դեպքում երկրում կարող է հասնել 30%-ի։

Սա կարող է նաև սկսել երկրում դեֆոլտի գործընթացը. ընկերությունները և բանկերը կարող են սկսել սնանկանալ: Նավթի ու գազի վաճառքի եկամուտներից զրկվելու դեպքում պետությունը չի կարողանա աջակցել նրանց։ Կտրուկ աճում է նաև Ռուսաստանի՝ որպես պետություն սնանկացման հավանականությունը, գրում են փորձագետները։ Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման ամբողջական արգելքի դեպքում նավթի գինը կբարձրանա մինչև 160 դոլար՝ մեկ բարելի դիմաց, իսկ հետո երկար ժամանակ կմնա բարձր մակարդակի վրա, կանխատեսում է Capital Economics-ը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում