Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ապագան Եվրոպայում է տեսնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրք նախագահի գրասենյակին, բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների երկկողմ զարգացման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները: «Նախագահ Էրդողանը բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն առաջնահերթ տեղ է գրավում Թուրքիայի օրակարգում: Նա նաև հայտնել է, որ Թուրքիայի ապագան տեսնում է Եվրոպայում»,- ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Էրդողանը մատնանշել է Մաքսային միությունը վերանայելու, Թուրքիայի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ ապահովելու և ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններում քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է վերականգնել փոխադարձ վստահությունը, վերականգնել խորհրդակցությունների մեխանիզմը և վերջ դնել խտրական գործողություններին, ինչպես նաև Թուրքիայի հասցեին հնչող հռետորաբանությանը»:
Թուրքիան 1964 թվականից ի վեր Եվրամիության ասոցացված անդամ է, անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին:
2017 թվականին Եվրախորհրդանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Եվրամիության երկրներին և Եվրահանձնաժողովին դադարեցնել բանակցությունները Թուրքիայի անդամակցության շուրջ, քանի դեռ երկրի իշխանությունները սահմանադրական փոփոխություններ չեն արել:
Կարծիքներ