«Բյուջե 2022»-ի առաջնահերթությունները հաստատվեցին
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ներկայացրել է համավարակի, 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները։ Նա նշել է.
«Կառավարության գործունեության ծրագիրը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում ՀՀ խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար։ Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022 թվականի բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական։ Առաջին հերթին, կարևորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումն ու զարգացումը։ Ամենակարևորը, թերևս, պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և, հետևաբար, կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղեցման, և այսպիսով` խոչընդոտվում է նաև տնտեսական աճը»։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով ՝ մյուս կարևոր խնդիրը վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը:
«Արդյունքում՝ կբարձրանա նաև քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային։ Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա։ Սրա կարևոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավական քայլեր են արվել նախորդ երեք տարում, և մեծ ուշադրություն է դարձվելու առաջիկայում ևս»,- ասել է վարչապետը:
«Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները։ Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։ Այս իմաստով կարևոր է նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, ինչը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ