Բելառուսն ու Հայաստանը ի զորու կլինեն լիարժեքորեն օգտագործել երկկողմ համագործակցության ներուժը. Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ անկախության տոնը

Բելառուսն ու Հայաստանը ի զորու կլինեն լիարժեքորեն օգտագործել երկկողմ համագործակցության ներուժը. Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ անկախության տոնը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այս մասին հայտնում է «Բելտա» լրատվական գործակալությունը:

Լուկաշենկոն ընդգծել է, որ Անկախության 30 տարիների ընթացքում Բելառուսն ու Հայաստանը պահպանել ու ամրապնդել են երկկողմ կապերը:

«Համոզված եմ, որ բարեկամության պատմական հարաբերությունները, վստահության վրա հիմնված սերտ ներանձնային շփումներն ու արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն տարբեր ձևաչափերում, շարունակելու են ամուր հիմք հանդիսանալ կառուցողական քաղաքական երկխոսության, խոստումնալից տնտեսական և հումանիտար նախագծերի իրականացման համար՝ ի շահ երկու երկրների»,- ասվում է նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:

ՀՀ վարչապետ Փաշինյանին ուղղված ուղերձում Բելառուսի նախագահն ընդգծել է, որ Մինսկի և Երևանի միջև երկարատև արդյունավետ համագործակցությանը միշտ բնորոշ է եղել հարգանքն ու ձգտումը՝ խորացնելու ավանդական բարեկամական ու վստահելի հարաբերությունները:

«Համոզված եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսն ու Հայաստանը ի զորու կլինեն լիարժեքորեն օգտագործել երկկողմ համագործակցության ողջ ներուժը՝ հարստացնելով այն հաջող փոխգործակցության նոր օրինակներով, որոնք կծառայեն մեր ժողովուրդների շահերին»,- նշել է Լուկաշենկոն: