Խնդրում ենք չդարձնել շահարկումների առարկա. Երևանի քաղաքապետարանը՝ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան դեպքի մասին
Երևանի քաղաքապետարանը անդրադառնալով այսօր Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը վատացած քաղաքացու դեպքին կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։
«Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ տղամարդու մահվան մասին տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաստատել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ գրելով. «Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով: Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»:
Հիշեցնենք՝ մայիսի 2-ից ՀՀ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում, շարժման անդամների մի մասը գիշերում է հենց հրապարակում՝ այնտեղ տեղադրված վրաններում:
Կարծիքներ