Հնդկաստանում ուղիղ եթերի ժամանակ գնդակահարել են նախկին պատգամավորին և նրա եղբորը

Հնդկաստանում ուղիղ եթերի ժամանակ գնդակահարել են նախկին պատգամավորին և նրա եղբորը

Հնդկաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Աթիք Ահմեդը, որը դատապարտված էր մարդկանց առևանգման համար, ուղիղ եթերում գնդակահարվել է իր եղբոր հետ: 

Այս մասին գրում է CNN-ը։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին, Ուտար Պրադեշի նահանգի Պրայագրաջ քաղաքում:

Ըստ CNN-ի՝ Աթիք Ահմեդը և նրա եղբայր Աշրաֆ Ահմեդը ոստիկանների ուղեկցությամբ գնալիս են եղել բժշկական հետազոտության, ինչը հեռարձակվել է ուղիղ եթերում:

Համացանցում տարածված կադրերում հրաձիգը ոստիկանների ուսերի վրայով ատրճանակը մոտեցնում է նախկին պատգամավոր Աթիք Ահմեդի ճակատին և կրակում: Նրա եղբորը՝ Աշրաֆ Ահմեդին, նույնպես կրակում են: Երկու եղբայրներն էլ վայրկյանների ընթացքում մահացել են:

Նշվում է, որ հրաձիգները մինչ այդ ոստիկաններին ներկայացել են որպես լրագրողներ։ Ոստիկաններն անմիջապես ձերբակալել են սպանությունն իրականացնող երեք կասկածյալներին: 

Երկու եղբայրները, ենթադրաբար, ղեկավարում էին տեղի հանցավոր կազմակերպություններից մեկը: Անցյալ շաբաթ ոստիկանությունը Ջհանսի քաղաքում սպանել էր Աթիք Ահմեդի որդուն, որին մեղադրում էին սպանության համար. գործը կապված էր Ուտար Պրադեշում գործող մաֆիայի հետ:

Եղբայրների սպանությունից հետո հնարավոր խռովություններից խուսափելու համար Ուտար Պրադեշի կառավարությունն արգելել է 4 հոգուց ավելի խմբերով հավաքներն ամբողջ նահանգում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում