Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է 103-ամյա Թագուհի Իսպիրյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է 103-ամյա Թագուհի Իսպիրյանին

Տարեցների միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է և անձամբ շնորհավորել Հացառատ թաղամասից 103- ամյա Թագուհի Իսպիրյանին՝ Գավառի տարածաշրջանի ամենատարեց բնակչին: Կարեն Սարգսյանը շնորհավորել է Թագուհի տատիկին և օրվա առթիվ պարգևատրեց դրամով:

Զրուցելով մարզպետի հետ տիկին Թագուհին նշել է, որ ինքը ծնունդով Հացառատ թաղամասից է, ունի 7 զավակ, 70 թոռ ու ծոռ և երկու կոռ:

Տատիկին անհանգստացնող հիմնական խնդիրը կապված է տեսողության հետ, որի կարգավորման համար մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցչին՝ միջամտություն ցուցաբերել և աջակցել բուժման կազմակերպման հարցում:

Թագուհի Իսպիրյանի և նրա զավակների հետ մարզպետի ունեցած զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ընտանիքի թոռը՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից զինծառայության զորակոչված Արտյոմ Հակոբի Մկրտչյանը, մասնակցել է 2020 թվականի Արցախյան պատերազմին և նոյեմբերի 25-ին ընկել հերոսի մահով՝ կյանքը զոհաբերելով հայրենիքի համար:

Մարզպետ Կարեն Սարգսյանը զորակցությունը հայտնեց հերոսի հարազատներին՝ կիսելով կորստյան ծանր վիշտը և պատրաստակամություն ցուցաբերեց՝ իր լիազորությունների շրջանակներում աջակցել ընտանիքի անդամներին՝ որոշ խնդիրների կարգավորման հարցում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում