Ջանֆիդա բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզ կայցելեն 130 երեխա
Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Ջանֆիդա բնակավայրում այսօր մասնակցել է պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի վերաբացմանը:
1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել է գործել: Նույն թվականին 91 մլն 931.36 հազար դրամ ընդհանուր բյուջեով հաստատված մանկապարտեզի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի իրականացման համար 59 մլն 755.38 հազ. դրամ (65%) հատկացվել է պետական բյուջեից, համայնքի մասնակցությունն էլ կազմել է 32 մլն 175.98 հազար դրամ (35%): Խմբասենյակների գույքն էլ հատկացվել է Focus on Children Now-FCN կազմակերպության կողմից:
Նախադպրոցական հաստատության օպտիմալ շահագործման համար փոխվել է մուտքի դուռը, հատակը բետոնապատվել և սալիկապատվել է, աստիճանները նորոգվել են, կառուցվել է բաց պատշգամբ, փոխվել են ջրագծերը, դռները, պատուհաններն ու տանիքը, ապահովվել է անխափան էլեկտրամատակարարմամբ և ջրամատակարարմամբ, իրականացվել են նաև ներքին հարդարման աշխատանքներ:
Կատարված աշխատանքների արդյունքում շուրջ 130 երեխա հարմարավետ և բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա: Կստեղծվի նաև երկու տասնյակի հասնող հիմնական աշխատատեղ:
Շնորհավորելով մանկապարտեզի վերաբացման նշանակալի օրվա հյուրերին և ջանֆիդացիներին՝ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է մանկապարտեզների դերն ու նշանակությունը համայնքներում, որի վկայությունն են նաև պետական բյուջեի միջոցներով, պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրերով միայն Արմավիրի մարզում վերջին տարիներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման շուրջ երեք տասնյակ ծրագրերը:
Նա կարևորել է երեխաների կյանքում մանկապարտեզի սոցիալական, կրթական և դաստիարակչական նշանակությունը և հավելել, որ եթե տեղական իշխանությունը հանձն է առել այդ առաջնային խնդրի լուծումը, ապա մեծ գործ է կատարել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության ապահովման հարցում:
Մարզպետն իր խոսքում բարեմաղթել է նաև ջանֆիդեցի փոքրիկներին՝ ցանկանալով, որ նախադպրոցական հաստատությունը նրանց մանկության տարիների լավագույն հիշողություններն ապահովի և նպաստի յուրաքանչյուրի անհատականության ճիշտ ձևավորմանը:
Այնուհետև համայնքային իշխանության պատասխանատուների ուղեկցությամբ Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Կարծիքներ