Առողջապահության փոխնախարարն ընդունել է ԱՀԿ մասնագետներին
Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ արտակարգ իրավիճակներում վերականգնողական գնահատում իրականացնող մասնագետ Պիտեր Սկելտոնին և ԱՀԿ փորձագետ Ջուդիթ Ստարկուլային:
Մասնագետները Հայաստան են ժամանել վերականգնողական ծառայությունների որակի, ծավալների ուսումնասիրության և գնահատման համար հետագա աջակցությունն ավելի թիրախային դարձնելու նպատակով:
«Ուրախ ենք, որ հատուկ առաքելությամբ ժամանել ենք Հայաստան և կարող ենք պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած առողջապահական ծրագրերի և կորոնավիրուսային հիվանդության շրջանակներում աջակցություն ցուցաբերել: Այստեղ աշխատելու ենք 3 շաբաթ: Գնահատելով առողջապահության նախարարության ներկայացրած կարիքները` պատրաստակամ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Պիտեր Սկելտոնը:
«Բարձր եմ գնահատում այս առաքելության շրջանակում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը և համոզված եմ, որ Հայաստանում միջազգային փորձի ներդրումը կլինի շատ արդյունավետ և շարունակական»,- նշել է Գևորգ Սիմոնյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային հարցեր և պայմանավորվել առաջիկա անելիքների մասին:
Կարծիքներ