Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կնվիրի հանրահայտ դիրիժոր Ռիկարդո Մուտիին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Ռիկարդո Մուտիի Հայաստան այցի առթիվ համերգ կնվիրի նրան:
Երեկոն, որին ներկա կլինի Մուտին, տեղի կունենա հուլիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան:
Իտալիայից ժամանած համերգի մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Մայա Օհանյանը, առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում:
Համերգը կանցնի «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային փառատոնի շրջանակում (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան):
Ռիկարդո Մուտիի այցի ընթացքում հուլիսի 4-ին միջազգային բարձր հեղունակություն վայելող Ռավենա փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ՝ մաեստրո Մուտիի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Երևանի օպերային թատրոնում՝ «Եղբայրության կամուրջ՝ արվեստի և մշակույթի միջոցով» խորագրի ներքո: Ռավենա փառատոնն այս տարի նվիրվում է պոետ, փիլիսոփա և մեծ մտածող Դանթե Ալիգիերիի 700-ամյակին:
Կարծիքներ