Վայոց ձորի մարզպետը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին է ներկայացրել Ջերմուկի ենթակառուցվածքների և բնակչության կրած վնասները
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Վայոց ձորի մարզ այցելած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ։
Թիմի կազմում էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը, Գլոբալ հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրոսյանը, նաև Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ժիհան Թաուլիան ու ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներ, տեխնիկական թիմի անդամներ։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Լիլա Փիթրս Յահիային և թիմի բոլոր անդամներին Վայոց ձորի մարզ կատարած այցի համար: Ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը՝ Ջերմուկի համայնքային ենթակառուցվածքների, առողջարանների, մասնավոր կառույցների և բնակչության կրած վնասները:
Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի տարբեր կառույցների հայաստանյան ղեկավարների հետ քննարկվել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խաղաղ բնակչության իրավունքներին, խոցելի խմբերի պաշտպանվածությանը ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր:
Խոսվել է կրթական գործընթացի կազմակերպման, այլ համայնքներ տեղափոխվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության ու այլ խնդիրների մասին։
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան հանդիպման ավարտին տեղեկացրել է, որ մարզում կիրականացվեն աջակցության տարբեր ծրագրեր։
Կարծիքներ