Մանկապարտեզը կրթության բաղկացուցիչ մասն է. կառավարությունը հաստատեց նախադպրոցական կրթական չափորոշիչը
Կառավարությունը հաստատեց նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ այդ չափորոշիչները վերանայվել են՝ հիմնվելով հանրակրթության պետական չափորոշիչի վրա՝ ապահովելով սահուն անցում նախադպրոցական մակարդակից դեպի տարրական դպրոց:
«Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» գործող օրենքի պահանջը և հաշվի առնելով երեխաների զարգացման որոշ ոլորտներում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները` անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները, որպեսզի դրանք համահունչ լինեն վաղ մանկության զարգացման ոլորտում ՀՀ-ում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող ժամանակակից կարևորագույն գործընթացներին՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, բազմազանության խթանմանը, սահուն անցմանը դպրոցին և այլն»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Դումանյանի խոսքով՝ այդ չափորոշիչը ներառում է նաև մսուրային տարիքի երեխաներին, այսինքն՝ նրանք ևս պետք է գիտելիքներ ստանան մանկապարտեզում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սրանով արձանագրում են, որ մանկապարտեզը ոչ թե մի տեղ է, որտեղ ծնողները թողնում են իրենց երեխաներին այս ժամից այն ժամը, այլ կրթության բաղկացուցիչ մասն է: «Այս չափորոշիչով սահմանվում է, թե ինչպիսին պետք է լինի այդ կրթությունը: Հաջորդ հարցը, որ պետք է լուծենք, մանկապարտեզների ու նախակրթարանների ուսուցիչ-դաստիարակների համար որոշակի ստանդարտներ ապահովելն է, նրանց ատեստացիաների միջոցով փոխկապակցվածություն ստեղծելով նրանց աշխատավարձի ապահովելը, որ երեխաները մանկապարտեզում ստանան պատշաճ կրթություն»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Կարծիքներ