Կտրուկ թանկացումներ. «Հայփոստ»-ը մտադիր է մի շարք ծառայությունների գները բարձրացնել. «Ժողովուրդ»

Կտրուկ թանկացումներ. «Հայփոստ»-ը մտադիր է մի շարք ծառայությունների գները բարձրացնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայփոստ» ՓԲԸ-ն մտադիր է մի շարք ծառայությունների գները բարձրացնել: Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը նոյեմբերի 20-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ընդունվել է ՀԾԿՀ-ի կողմից և այժմ ուսումնասիրվում է։ Պարզվում է, որ ընկերությունն առաջարկում է սակագները բարձրացնել: Իսկ նոր սակագները նախատեսվում է կիրառել հաջորդ տարվա փետրվարի 1-ից: Օրինակ, ՀՀ տարածքում հասարակ նամակի առաքման ծառայության գործող սակագինը 70 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է սահմանել նոր սակագին՝ 340 դրամ: Այսինքն 270 դրամով այն, հնարավոր է, թանկանա: Իսկ պատվիրված նամակի (մինչև 20 գրամ քաշով) 120 դրամ գործող սակագինը ընկերությունն առաջարկում է սահմանել 350 դրամ: Տեղեկացնենք նաև, որ պատվիրված ծանրոցի դեպքում սակագին այժմ չկա, բայց «Հայփոստ»-ը առաջարկում է սահմանել 0-ից մինչև 1000 գրամի դեպքում 1000 դրամ, 1001 կգ-ից մինչև 10 կգ-ի դեպքում՝ 1 կգ դիմաց 200 դրամ: Բացի այս, նկատենք, որ որոշ ծառայությունների սակագներ հեռացվում են, իսկ մի մասն էլ մնալու է նույնը:

Հավելենք, որ հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է «Հայփոստ»-ի հայտը, հետևաբար հնարավոր է, որ ընկերության առաջարկած սակագները փոփոխության ենթարկվեն:Ի դեպ, ըստ ընկերության՝ սահմանված սակագնային համակարգը տարածաշրջանի այլ երկրների ներհանրապետական փոստային նույնանման ծառայություններից էժան է 40%-ով։ Մյուս կողմից, ենթադրվում է, որ ընկերությունը վնասներ է կրում, ինչն էլ փոքր-ինչ մեղմացնելու նպատակով սակագների վերանայման հայտ է ներկայացրել»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում