Էրդողանը Շվեդիայի վարչապետին կոչ է արել դադարել «աջակցել ահաբեկչական խմբերին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ՝ քննարկելով երկու երկրների միջև հարաբերություններն ու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը, ով դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, Անդերսոնին մասնավորապես ասել է, որ այդ երկիրը պետք է «վերջ տա ահաբեկչական խմբավորումներին ուղղված քաղաքական, ֆինանասական աջակցությունը ու զինամթերքի տրամադրումը»: Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան Քրդական բանվորական կուսակցության և Սիրիայում ու Իրաքում դրա ճյուղավորումների վերաբերյալ թուրքական կողմի մտահոգությունները փարատող քայլեր կձեռնարկի:
Էրդողանը հավելել է նաև, որ Թուրքիան մինչ այս պահն աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և դաշինքի ներսում համերաշխությունը համարում է կառույցի կարևոր արժեքներից մեկը:
Կարծիքներ