ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը մասնակցել են ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի 18-ամյակի միջոցառմանը
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 18-ամյակին նվիրված, հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: Ներկա են եղել նաև ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն ու հրամանատարական կազմը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նախարարը, ոստիկանության պետն ու հրամանատարական կազմը ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։
«Միջոցառումը սկսվել է մեկ րոպե լռությամբ։ Ներկաները հարգել են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը։
ՆԳՆ ոստիկանության զորքերի և զորամասի հրամանատարները շնորհավորել են ծառայողներին և բարի ծառայություն մաղթել։
Զորամասը կազմավորվել է 2005 թվականի հոկտեմբերի 25-ին. ծառայողների հիմնական խնդիրը հասարակական կարգի, ինչպես նաև հատուկ ու կարևորագույն օբյեկտների պահպանումն է։ Զորամասի ծառայողները մասնակցել են նաև 44-օրյա պատերազմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ ՆԳՆ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից արժանացել են պարգևների։
Հատուկ նշանակության զորամասի ծառայողները ներկայացրել են մարտավարական հնարքներով ցուցադրական ելույթներ։
Նշվում է, որ միջոցառման ավարտին ելույթ է ունեցել ՆԳՆ ոստիկանության զորքերի երգչախումբը, ինչից հետո Վահե Ղազարյանն ու Արամ Հովհաննիսյանը ոստիկանության զորքերի հրամանատարության ուղեկցությամբ շրջել են զորամասում, ծանոթացել պայմաններին և իրականացված աշխատանքներին։
Կարծիքներ