Համերաշխությամբ և միասնությամբ պետք է լինենք Անկախության հռչակագրի գաղափարների և սկզբունքների շարունակականության երաշխավորը․ Պապիկյան

Համերաշխությամբ և միասնությամբ պետք է լինենք Անկախության հռչակագրի գաղափարների և սկզբունքների շարունակականության երաշխավորը․ Պապիկյան

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առիթով․

 

«1990թ. այս օրը Անկախության հռչակագրի ընդունումով մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործընթացը:

Միջազգային իրավունքի սկզբունքներից և ժողովրդավարական արժեքներից բխող դրույթների կենսագործումը, որոնք ամրագրված են երրորդ հանրապետության հիմնարար փաստաթղթում, Հայաստանի Հանրապետությանը չտրվեց խաղաղ պայմաններում: 31 տարի առաջ շրջադարձային դարձած այս օրը զոհողություններ պահանջող պայքարի մեկնարկ էր, պայքար, որ շարունակվում է մինչ օրս:

Վերջին ամիսների մարտահրավերները ևս Հայաստանի Հանրապետությանը ենթարկեցին բարդ փորձությունների: Եվ չնայած այդ ամենին՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատուն կերպով մնալ օգոստոսի 23-ի հռչակագրի հիմնարար սկզբունքների կրողը:
Այսօր եվս խոնարհվում եմ մեր բոլոր հայորդիների առջև, ովքեր հայրենիքի նկատմամբ բարձր պատասխանատվության գիտակցմամբ վերստին նվաճեցին ու պաշտպանեցին մեր անկախ ապրելու իրավունքը:

Համազգային համերաշխությամբ և միասնությամբ մենք ևս պետք է լինենք Անկախության հռչակագրի գաղափարների և սկզբունքների շարունակականության ու հանրապետության հարատևության երաշխավորը: Միասին մենք կառուցելու ենք մեր բարեկեցիկ, անվտանգ և զարգացող ապագան.
Ի շահ մեր պետության
Ի բարօրություն մեր հայրենիքի»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում