Ունենք ենթադրություն,որ մեկ չճանաչված դին անհետ կորածների շարքում է.ԱԻ նախարար

Ունենք ենթադրություն,որ մեկ չճանաչված դին անհետ կորածների շարքում է.ԱԻ նախարար

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը:

«Ընդհանուր առմամբ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը՝ զոհված, 10-ը՝ փրկված: 10 քաղաքացիները տարհանվել են հրդեհի բռնկումից հետո առաջիկա 2 ժամվա ընթացքում: Ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 935 փրկարար ծառայող, որից  350-ը՝ հենց նույն օրը: Կիրառվել է 60 տեխնիկա:

Ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը: Մեկ հոգի համարվում է դեռ չնույնականացված: Ներկա պահին հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած: Ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին անհետ կորածների շարքում է:

Այս պահի դրությամբ տարվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի անուն, ազգանունը մենք ունենք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացու հայտնաբերումը»,- ասաց նախարարը:

Նրա նշեց, որ ներկա պահին մաքրվել է տարածքի 90 և ավելի տոկոսը:

«Ունենք բարդություններ՝ կապված փլուզումից հետո կախված կոնստրուկցիաների և այլ սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և հնարավորինս փորձում ենք անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար»,- ասաց նա:

Փամբուխչյանը նշեց, որ ներկա պահին տարածքում իրականացվում են հովացման աշխատանքներ:

Նախարարը նաև վստահեցրեց, որ նշված դեպքի հետ կապված ներգրավված մարդկային ռեսուրսի կամ տեխնիկայի որևէ խնդիր չի եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում