Մանկապարտեզաշինության բուռն շրջան Կոտայքում. կառուցվում եւ վերակառուցվում են շուրջ 15 մանկապարտեզներ
Կառավարության 2019-2020 թթ. սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում կառուցվում եւ վերակառուցվում են շուրջ 15 մանկապարտեզներ
Դեռ 2 տարի առաջ, երբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ստանձնեց մարզպետի կարգավիճակը, տարածքային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչները` որպես Կոտայքում առաջնահերթ բարեփոխում եւ կենսական կարեւորության անհետաձգելի խնդիր, հռչակեցին ամենակարճ ժամկետներում մարզի բացառապես բոլոր բնակավայրերի՝ նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովումը:
Մարզպետի խոսքով, դրան հասնելու համար պետք էր, թերեւս, առկա եւ պոտենցիալ ռեսուրսների ճիշտ գույքագրում, կարողությունների գնահատում եւ այդ տեսլականի կյանքի կոչմանն ուղղված կտրուկ եւ շրջադարձային մի շարք գործողությունների իրականացում:
Եվ այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ մարզային իշխանություններին հաջողվել է մասնավորապես Կոտայքում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համակարգված փոխգործակցության արդյունքում արձանագրել այդքան ցանկալի արդյունքներ`ամենակարճ ժամկետներում:
Այդ համատեքստում հատկանշական է, որ միայն 2019-2020 թթ. ՀՀ Կառավարության կողմից տրամադրված սուբվենցիաների այդյունքներով այս պահին Կոտայքի մարզում կառուցվում եւ վերակառուցվում են շուրջ 15 մանկապարտեզներ:
Միայն 2019 թվականին Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկեցին միանգամից 10 մանկապարտեզների կառուցման եւ վերակառուցման ծրագրեր, որոնցից երեքը` Արամուս, Գեղաշեն, Վերին Պտղնի համայնքներում մանկապարտեզները կառուցվում են հիմքից (Արամուսի եւ Գեղաշենի մանկապարտեզների շին.աշխատանքներն ավարտին կհասցվեն արդեն այս տարվա եւս մեկական սուբվենցիոն ծրագրերի միջոցով):
Իսկ ահա ՀՀ Կառավարության 2020 թվականի արդեն հաստատված սուբվենցիոն ծրագրերով կրկին հիմքից նոր մանկապարտեզների շենքեր կկառուցվեն մարզի եւս հինգ համայնքներում`Ակունքի Նոր Գյուղ բնակավայրում, Բալահովիտում, Ջրվեժում. Գառնիում եւ Քաղսիում կկառուցվեն գործող մանկապարտեզների նոր մասնաշենքեր:
Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում կվերակառուցվի տասնամյակներով անգործության մատնված եւ կիսականգուն մանկապարտեզի շենքը, հիմքերը կամրացվեն եւ կապիտալ հիմնանորոգում կանցնի:
Բացի նշվածներից, 2020 թվականի սուբվենցիոն առանձին ծրագրերով կապիտալ վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն նաեւ Արգելի, Քանաքեռավանի եւ Արզնիի մանկապարտեզներում, ինչպես նաեւ կհիմնանորոգվի Նոր Գեղիի թիվ 3 մանկապարտեզի շենքը, կբարեկարգվի նաեւ Աղավնաձորի մանկապարտեզի տարածքը (Աղավնաձորում մանկապարտեզի կապիտալ նորոգման աշխատանքներ մեկնարկել էին դեռ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում),
Այս տարի Մայակովսկիում կիրականացվեն մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի, ճաշարանի եւ խոհանոցային հատվածների հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ ամբողջովին կբարեկարգվի բակային հատվածը:
Հիշեցնենք, որ Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկհարկանի մեկ մասնաշենքի հիմնանորոգման ծրագիրը Կոտայքի մարզպետի առաջարկությամբ ներառվել էր կառավարության 2018թ-ի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի ցանկում, եւ մասնաշենքը ՏԿԵՆ Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ հիմնանորոգվել է անցյալ տարի:
Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ են նաեւ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ծաղկաձորի մանկապարտեզի բակային տարածքի կապիտալ բարեկարգման աշխատանքները, իսկ Եղվարդի թիվ 2 եւ Զորավանի մանկապարտեզները կապիտալ հիմնանորոգվել եւ ամբողջովին կահավորվել են նորագույն տեխնիկայով եւ գույքով:
Եվ վերջապես, այս պահին շարունակվում են Գողթի մանկապարտեզի երկհարկանի շինության կառուցման եւ Կապուտանի նոր մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքները:
Ամփոփելով՝ պետք է փաստենք, որ 2019-2020թթ. արդյունքներով Կոտայքի մարզի հետեւյալ համայնքներում եւ բնակավայրերում ՀՀ Կառավարության սուբվենցիոն եւ առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի միջոցով 15 մանկապարտեզների կառուցման եւ վերակառուցման արդյունքում ավելի քան 1500 փոքրիկներ արդեն սեփական համայնքներում կհաճախեն նորակառույց, հիմնանորոգված եւ նորագույն լուծումներով հագեցած, լուսավոր ու բարեկարգ մանկապարտեզներ:
Եվ այսպես, լիովին նորակառույց մանկապարտեզներ կսկսեն գործել հետեւյալ համայնքներում՝ Գեղաշենում, Արամուսում, Վերին Պտղնիում, Աղավնաձորում, Կապուտանում, Գողթում, Ջրվեժում, Զովքում, Նոր Գյուղում, Բալահովիտում:
Կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզներ կունենանք` Եղվարդում (թիվ 2), Զորավանում, Մայակովսկիում: Գործող մանկապարտեզներին կից` նոր առանձին մասնաշենքեր կկառուցվեն Գառնիում, Քաղսիում:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ շուրջ 15 մանկապարտեզների կառուցման եւ վերակառուցման արդյունքում կստեղծվեն հավելյալ մոտ 200 նոր աշխատատեղեր`ՏԻՄ միջոցներով ապահովելու այդքան ընտանիքների կայուն եկամուտը:
«Մեր բոլոր որոշումներն ու գործողություններն ուղղված են բացառապես մեր քաղաքացիների՝ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի իրավունքի, ինպես նաեւ մեր փոքրիկների կրթության անքակտելի իրավունքի իրացմանը մեր սիրելի Կոտայքում:
Կոտայքի մարզի որեւէ բնակավայրում ոչ մի երեխա չպետք է զրկված լինի այդ կարեւորագույն հնարավորությունից` երաշխավորված մեր պետության կողմից»,-նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Կարծիքներ