Ես պահանջներ եմ դնում Լիբանանի ղեկավարության առաջ, բայց դա ժողովուրդն է ուզում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեյրութ կատարած իր այցը Լիբանանի ներքին գործերին միջամտելու դրսևորում չի համարում՝ շեշտելով, որ Ֆրանսիան այդ երկրի ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվություն ունի:
«Ֆրանսիան իր ուրույն դերն ունի այստեղ՝ մեր պատասխանատվությունն է օգնել Լիբանանի ժողովրդին: Այո, ես երկրի ղեկավարության առաջ պայմաններ եմ դնում, բայց դուք ինքներդ այսօր լսեցիք, որ դա ժողովուրդն է պահանջում: Ես տեսել եմ մարդկանց չարությունն այն համակարգի դեմ, որն այլևս չի գործում և չի պաշտպանում նրանց»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ ինքը չի կարող երկրի իշխանությունը փոխել, բայց, միևնույն ժամանակ, շեշտել, որ իր գործողությունները ոչ թե ներքին գործերին միջամտելու, այլ՝ երկու ժողովուրդների պատմական անցյալի, բարեկամության և պահանջատիրության մասին են խոսում:
«Եթե Ֆրանսիան, միջազգային քաղաքականության մեջ որպես բազմակողմ մոտեցման ջատագով տերություն, չստանձներ իր դերն այս իրավիճակում, ապա այլ երկրներ կմիջամտեին՝ Իրանը, Թուրքիան, Սաուդիան Արաբիան կամ ցանկացած այլ պետություն՝ ելնելով իր տնտեսական շահերից կամ աշխարհաքաղաքական նպատակներից, որոնք հակասում են լիբանանյան ժողովրդի շահերին»,- ասել է Մակրոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունից տուժած շրջաններ, որտեղ բազմաթիվ լիբանանցիներ ողջունել են նրան՝ խնդրելով օգնել «կոռուպցիոն ռեժիմին վերջ տալուն», քանի որ իշխանություններին մեղադրում են երկիրն աղետի հասցնելու մեջ:
Կարծիքներ