Պետք է մտածենք՝ ոչ թե ով, այլ՝ թե ինչը կերաշխավորի մեր անվտանգությունը. վարչապետ
Ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոչ թե պետք է մտածել, թե ով կերաշխավորի Հայաստանի անվտանգությունը, այլ պետք է մտածել, թե ի՞նչը կերաշխավորի այդ անվտանգությունը. անվտանգություն ապահովողը խաղաղությունն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Մանուկ բեյի» պալատում Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը:
Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն վերջին 2 տարում մեծ տնտեսական դինամիկա ունի: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մասով լուրջ առաջընթաց է գրանցվում:
«Ես համոզված եմ, որ, եթե մենք կարողանանք մարդկանց համար գործունեության պատշաճ պայմաններն ապահովել, Հայաստանը շատ արագ կզարգանա: Այդ զարգացման նպատակը պետք է լինի մարդու բարեկեցությունը, երջանկությունն ու անվտանգությունը»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը շեշտեղ, որ, սակայն անվտանգության ընկալումն էլ պետք է որոշակի փոխել:
«Շատ հաճախ խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, ասում ենք՝ իսկ ո՞վ կերաշխավորի մեր անվտանգությունը: Ես մտածում եմ, որ մենք ոչ թե պետք է մտածենք, թե ով կերաշխավորի մեր անվտանգությունը, այլ պետք է մտածենք, թե ի՞նչը կերաշխավորի մեր անվտանգությունը: Եթե խոսքը «ով»-ի մասին է, «ով»-ը միշտ էլ կարող է փոխվել, նրա կամքը մեր կառավարելիության տիրույթում չէ: Իսկ ի՞նչը՝ խաղաղությունը, կարող է ապահովել մեր անվտանգությունը: Եվ մենք պետք է ունենանք, կառուցենք այնպիսի խաղաղություն, որը կլինի մեր կառավարելիության տիրույթում: Սա իրականում շատ բարդ խնդիր է: Ոչ մի երաշխիք չկա, որ մենք այդ խնդիրը պատշաճ ձևով կկարողանք լուծել, բայց կա իրական հնարավորություն»,-ասաց վարչապետն՝ ակնկալելով ժողովրդի աջակցությունն այդ խնդիրը լուծելու համար:
Կարծիքներ