Շիրակում Կլոր սեղանի աջակցությամբ մարդասիրական օգնություն կբաշխվի 450 արցախցու
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Գյումրու սոցիալական կենտրոնում սկսվել է Արցախից տարհանված խոցելի ընտանիքներին սննդի, հիգիենիկ փաթեթների և անկողնային սպիտակեղենի հավաքածուների բաշխումը։
Նախաձեռնությունն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամից ստացած դրամաշնորհի շրջանակում՝ Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքի (ACT Alliance) աջակցությամբ։
Ծրագրով նախատեսված է 450 անձի տրամադրել սննդի և հիգիենիկ փաթեթներ, իսկ բազմանդամ ընտանիքներին՝ նաև անկողնային սպիտակեղենի հավաքածուներ: Մարտի 5-ին սննդի և հիգիենիկ փաթեթներ էին բաշխվել 354 շահառուի։ Ծրագիրը կավարտվի այս շաբաթվա սկզբին։ Բաշխումն իրականացվել է՝ համաճարակային պայմանները պահպանելով։
Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված շրջաններից տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Կլոր սեղան հիմնադրամի ֆինանասավորմամբ՝ տորթերի պատրաստման մասնագիտական դասընթացին։ Քաշաթաղցի կանանցից մեկը հույս է հայտնել, որ դասընթացն ավարտելուց կկարողանա հոգալ ընտանիքի կարիքները։ Ինը երեխա ունեցող մի ընտանիքի զավակներից մեկն էլ անհետ կորել է Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով: ՀԿՍ աշխատակիցները նրանց ընդգրկել են նաև հիմնադրամի մեկ այլ գործընկերոջ՝ Diakonie Katastrophenhilfe-ի դրամական օժանդակության ծրագրում: 2020 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 31-ը Կլոր սեղան հիմնադրամը աջակցություն է տրամադրել Արցախից տարհանված 656 ընտանիքի: Ընդհանուր առմամբ՝ աջակցություն է ստացել 2703 անձ: Աջակցությունը տրամադրվել է 3 ծրագրի շրջանակում՝ Hungarian Interchurch Aid, ACT Alliance և FAP կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Կարծիքներ