Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ

Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ

Ապրիլի 30-ին ոստիկանները Մասիս քաղաքում օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը, հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ժամը 22։20-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենան արագ վարելու պատճառով վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որը պատրաստվում են շարունակել, ծեծկռտուքի հետևանքով կան վիրավորներ։

 

Մինչ ոստիկանների ժամանումը՝ դեպքի վայրի՝ 11/1 հասցեի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Խ․ Ֆերոյանը և նրա որդին՝ 28-ամյա Ա․ Ֆերոյանը, ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն են արել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Արկադի Ա․-ին, ինչն էլ վերջինիս կողմից ցավագին է ընդունվել։ 

 

Նա այդ մասին հայտնել է հորը՝ 42-ամյա Արսեն Արսենյանին ու որոշ ժամանակ անց հայր ու որդի Արսենյաններն իրենց մի քանի ընկերների հետ ժամանել են նշված վայր, ապա խուլիգանություն կատարելու դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ու հայհոյանք են հնչեցրել, ապա իրենց մոտ եղած փայտե մահակով հարվածներ են հասցրել հայր և որդի Ֆերոյաններին, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել, ապա դիմել են փախուստի։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ արդեն հիվանդանոց տեղափոխվածների մեծ թվով հարազատներ պատրաստ են եղել հաշվեհարդար տեսնելու այդ անձանց նկատմամբ, սակայն այդ ամենը կանխվել է ոստիկանների ու պարեկների կողմից ու ժամերի ընթացքում նրանք հայտնաբերել են Արսենյաններին, ովքեր բերման են ենթարկվել ստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտե։

 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետը հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է եղել արյուն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում