ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին և քաղաքացիներին հորդորել է խուսափել Սյունիքի մի քանի հատվածներով երթևեկելուց
Երեկվանից սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և լրատվական կայքերում ակտիվորեն քննարկվում էր մասնավոր անձի կողմից արված գրառումն այն մասին, ըստ որի՝ «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Դա հատուկ ահազանգ է Գորիս-Կապան ավտոճանապարհին, որը ադրբեջանցիները գրավել և անցակետեր են տեղադրել։ Այն կայքերում տեղ գտած սովորական գրառում չէ։ Հոկտեմբերի 4-ին քաղաքացիներին արդեն ասվել է․ «Մի՛ մեկնեք Հայաստան»։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»։
Վերոնշյալ գրառումը հայ հանրության շրջանում տարատեսակ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք տվեց: Շատերի կարծիքով՝ ԱՄՆ նախազգուշացումը ՀՀ-ում ռազմական գործողությունների սկսման մասին է ազդարարում, քանի որ Հուլիսյան մարտերի ժամանակ և 44-օրյա պատերազմից օրեր առաջ ԱՄՆ դեսպանատունը հորդորել էր իր քաղաքացիներին խուսափել հայ ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդություններից և կոչ արել չգնալ Արցախ:
Բանն այն է, որ սույն թվականի նոյեմբերի 18-ին ԱՄՆ դեսպանատունն իսկապես հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ՀՀ-ում ԱՄՆ քաղաքացիներին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է ոչ կարևոր այցերի դեպքում գնալ M2 միջպետական մայրուղու Քարահունջ և Դավիթ Բեկ գյուղերի, ինչպես նաև M17 մայրուղու՝ Կապանից Ճակատեն հատվածներով՝ նշելով, որ հիշյալ ճանապարհին ադրբեջանական ուժեղացված հսկողության և հսկիչ կետերի առկայության մասին տեղեկություններ կան: Դեսպանատունը նաև զգուշացրել է, որ ԱՄՆ-ի՝ Հայաստանում գտնվող քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներ և հակամարտ գոտի հանդիսացող շփման գծեր այցելելուց:
Դեսպանատան պաշտոնական հայտարարությունից պարզ է դառնում, որ խոսքը մասնավորապես M2 միջպետական մայրուղու Քարահունջ և Դավիթ Բեկ գյուղերի, ինչպես նաև M17 մայրուղու՝ Կապանից Ճակատեն հատվածների մասին է, որն էլ պայմանավորված է վերջերս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմի տեղադրած անցակետերով: Նկատենք նաև, որ ԱՄՆ հաղորդագրության մեջ Հայաստան առհասարակ չայցելելու մասին ոչինչ չի նշվում:
Կարծիքներ