Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթանակը շարունակական է լինելու. Շիրակի մարզպետ
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ուժային կառույցների ղեկավարները, 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի հրամանատարները, Գյումրիում ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներն ու հյուրերը ծաղիկներ են խոնարհել, ծաղկեպսակներ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին և շնորհավորել Հաղթանակի օրվա առթիվ․
«Հարգելի հայրենակիցներ, այսօր փառապանծ Հաղթանակի օրն է, որը խոսում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, մեր հաղթական ուղու և մեր միասնության մասին։ Այո, մեր երկու ժողովուրդները կարող են կողք կողքի ապրել, ձեռք ձեռքի տալ և բռունցքված պայքարել չարիքի դեմ։
Մեր խոնարհումը բոլոր այն նահատակներին, որոնք կյանքը տվել են հայրենիքի ու հաղթանակի համար։ Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթնակը շարունակական է լինելու, և այսօր ևս մեկ անգամ շեշտենք, որ հաղթանակները կերտվում են բարեկամությամբ, հաղթանակները կերտվում են նվիրումով, և հաղթանակները կերտվում են վստահությամբ»։
Մինչ այդ մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանն ու Ալբերտ Այվազյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների, զինվորականների հետ, Գյումրու թիվ 2 գերեզմանատան պանթեոնում ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների եղբայրական գերեզմանին:
Կարծիքներ