Գեղարքունիքի մարզպետը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հանձնել է դրամական ու խրախուսական պարգևներ

Գեղարքունիքի մարզպետը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հանձնել է դրամական ու խրախուսական պարգևներ

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական բնակավայրերում նշվեց Մայիսիննյան հաղթանակների տոնը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերանները ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին:
Հաղթանակների տոնի արարորղությանը մասնակցեցին նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ՝ Սարուխան գյուղի բնակիչ, 100 ամյա Մեխակ Ավետիսյանը եւ Ծովազարդ գյուղի բնակիչ, 98-ամյա Արամայիս Սարգսյանը, որոնց Գեղարքունիքի մարզպետը հանձնեց դրամական ու խրախուսական պարգեւներ:

Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանքի կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Հայրավանքի վանահայր Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի:

«1945 թվականի մայիսի 9-ին Բեռլինում և 1992 թվականի նույն օրը Շուշիում տարած հաղթանակը մեր ժողովրդի կյանքում պատմական մեծ նշանակություն ունեցան՝ ապահովելով հայ սերունդերի խաղաղ գոյությունն ու զարգացումը: Անկախ Արցախյան վերջին պատերազմի արդյունքներից, այդ հաղթանակները ոգեշնչում ու ապրեցնում են մեր հայրենիքը: Իսկ նոր հաղթանակներ կռելու համար մենք պետք է լինենք միաբան, համերաշխ մեր համազգային նպատակների ու ձգտումների շուրջ: Այդժամ մենք կունենանք նոր ու ավելի փառահեղ հաղթական օրեր»,-Հանրապետական մաղթանի խոսքում ներկաներին դիմեց Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը:
Տոնակատարության մասնակիցները մոմավառությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան գոյամարտում ընկած հայորդիների հիշատակը:

Ապա Մայիսիննյան հաղթանակների տոնին նվիրված միջոցառումը շարունակվեց Գավառի երաժշտական դպրոցում, որտեղ հայրենասիրական երգերով հանդես եկան Գավառ քաղաքի արվեստի եւ երաժշտական հաստատությունների սաները:
Տոնի առթիվ ուղերձ է հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար սովորական ամսաթիվ կամ տոն չէ։ Այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է: Ամեն տարի այս օրը հայ ժողովուրդը համակվում է միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության զգացումներով։

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծագույն իրադարձություն էր ամբողջ աշխարհի համար։

Այս օրը նշվում են Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրումը, որը նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է, եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։

Ինչպես այդ ժամանակ հեռավոր ռազմաճակատներում, այնպես էլ մեր նորօրյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը թշնամուց պաշտպանում էր իր տունն ու հայրենիքը, խաղաղ ու ստեղծարար աշխատանքով ապրելու եւ արարելու իր իրավունքը։

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հայրենական Մեծ պատերազմի եւ Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ։ Թող այս հաղթական տոնը առաջնորդի մեզ դեպի նորանոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ։ Առողջություն եւ հարատեւ խաղաղություն եմ ցանկանում:

Հավերժ փառք եւ խոնարհում՝ հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին»,- ասված է Կարեն Սարգսյանի ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում