Օգնության շտապելիս բժիշկ Սաշա Ռուստամյանը ընկել է հակառակորդի դիվերսիոն խմբի ծուղակը եւ զոհվել
Ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական եւ Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն եւ կրելով զինվորական համազգեստ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս:
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտնում է, որ բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի՝ կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով: Սաշա Ռուստամյանը, շտապօգնության մեքենայից առաջինը դուրս գալով, հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ: Օգնության շտապող վկոչումով բժիշկը զոհվում է թշնամու նենգ գնդակից, իսկ հակառակորդի կրակի տակ հայտնված շտապօգնության մեքենան գլորվում է ձորը:
Սաշա Ռուստամյանի առաքելությունն անավարտ չի մնում. չնայած ստացած բազմաթիվ վնասվածքների՝ վիրավոր զինվորի ու շտապօգնության մեքենայի վարորդի կյանքը հաջողվում է փրկվել:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը խոսելով Սաշա Ռուստամյանի մասին՝ նշում է՝ Սաշան աչքի է ընկել ինչպես կրակային, այնպես էլ ֆիզիկական գերազանց պատրաստվածությամբ, մշտապես մասնակցել է սպորտային միջոցառումների. «Նա պատրաստված սպա եւ երդմանը հավատարիմ բժիշկ էր»։
Կարծիքներ